Սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներում փոքրիկ բարելավում է նկատվում. պաշտոնյա
Սեռով պայմանավորված (սելեկտիվ) աբորտների վերաբերյալ առկա մտահոգությունները պահպանվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ նշելով, որ թվերի մեջ նկատվում է բարելավում, թեև շատ քիչ։
«Եթե 2011-2013 թվականների ցուցանիշով 114 տղա ծնվում էր 100 աղջկա հաշվով, ապա այսօր 113,2 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով: Այսինքն, ունենք չնչին, բայց առաջընթաց, որն ուրախալի է և հույս է ներշնչում, որ 2011 թվականի վերջից սկսած աշխատանքները արդյունքներ են տալիս»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:
Նա ընդգծեց, թե պետք է հաշվի առնել, որ այս երևույթը ժամանակատար է, քանի որ խոսքը մարդկանց վարվելակերպի, վարքագծի և մտածելակերպի մասին է, իսկ այս երեք հանգամանքները բավական դանդաղ են փոխվում հասարակության մեջ, դրանք իներցիոն գործընթացներ են:
«Շատ ուղղություններով են աշխատանքներ տարվում, առաջին հերթին շատ է լուսաբանվում, իրազեկման բարձրացում է տեղի ունեցել, աշխատանքներ են տարվում բժիշկների հետ, որպեսզի իրենց էլ տեղեկացնենք, որ կարողանան աշխատել ինչպես հղիների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների հետ, որովհետև տղա ունենալու հիմնական պահանջարկը գալիս է ընտանիքի անդամներից»,-նկատեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:
Նա ասաց նաև, որ Կառավարության համար էլ է խնդիրը կարևոր ու արդիական, և այս բոլորը միասին բերում են առկա փոփոխությանը։
«Հույս ունեմ, որ այդ փոփոխության չափը կմեծանա 2-3 տարվա ընթացքում, երբ կառավարության հետ համատեղ իրականացնենք ազգային գործողությունների ծրագիր»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:










