Հայերի ցեղասպանության հարցում մեր դիրքորոշումը բազմիցս և հստակ արտահայտվել է Համայն Ռուսիո Պատրիարքի ուղերձներում. խոսնակ
Մեր Եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում:
Այս մասին ասվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովի մեկնաբանությունում՝ Պատրիարքի՝ օրերս հնչեցրած այն մտքի վերաբերյալ, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների չեն ոչնչացրել: Մեկնաբանությունը Tert.am-ին փոխանցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափեցնող և աննախադեպ իրավիճակի մասին: Այս համատեքստում Հայրապետը որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջան կար, երբ սահմանված կարգուկանոնը հարաբերական անվտանգություն և կայունություն էր ապահովում կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը:
Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր Եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում:
Այդ դիրքորոշման վառ օրինակն է Ռուս Ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է, մենք մշտապես բաց և հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում», - ասվում է մեկնաբանությունում։










