ԵՄ-ՀՀ համագործակցության դանդաղեցումը ՀՀ-ին ավելի շատ կմղի դեպի ԵՏՄ. Խ. Քոքոբելյան

11:40 • 11.01.16

ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփում է 2015 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության առումով՝ մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում: Նա դրական է համարում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը և նշում, որ Հայաստանի ապագան ԵՄ-ի լիիրավ անդամակցության մեջ է տեսնում: «ԵՄ պատասխանատու այրերը կարծում եմ, որ լուրջ հետևություններ են արել այն առումով, որ չպետք է դանդաղեցվի ՀՀ-ի համագործակցության հնարավորությունները՝ միայն հիմքում ունենալով ԵՏՄ-ն, քանի որ այդ կերպ Հայաստանին ավելի շատ կմղեն դեպի ԵՏՄ»,-ասաց նա:

 

–Ինչպե՞ս կամփոփեք 2015 թվականը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով:

 

-2015 թվականն այն տարին է, որ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հնարավորություն ունեցավ Եվրոպական միության հետ պայմանագիր կնքելու պայմանավորվածություն ձեռք բերել: Դա, թերևս, միակ դրական բանն եմ համարում արտաքին քաղաքական դաշտում: Արդեն պարզ է, որ այդ համաձայնագրում կարձանագրվի այն բոլոր ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք 3,5 տարվա բանակցությունների արդյունքում: Մեզ համար սկզբունքային է, որ Հայաստանը միևնույն է Եվրոպա է և վերջ, և Հայաստանի ապագան ԵՄ-ի լիիրավ անդամակցության մեջ եմ տեսնում: Ես լիահույս եմ, որ այդ պայմանագիրը կվավերացվի 2016 թ-ին, որովհետև այս փուլում Ռուսաստանը և ԵՏՄ-ն լուրջ խնդիրների մեջ են և, Ռուսաստանն ինքն է փորձում իր հարաբերությունները վերանորոգի և ավելի բարիդրացիական հարաբերություններ ստեղծի ԵՄ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ: Չեմ կարծում, որ լուրջ խոչընդոտների առաջ կկանգնենք, ինչպես նախորդ տարի: Միևնույն է մենք մեծ հնարավորություններ ենք կորցրել՝ չվավերացնելով ասոցացման համաձայնագիրը:

 

-Կարծում եք, որ ՀՀ-ի դիվանագիտության շնորհի՞վ է, որ ԵՄ-ի բանակցությունների նոր փուլ է սկսվում, թե ԵՄ-ի համար ՀՀ-ն շարունակում է հետաքրքիր մնալ՝ հաշվի առնելով ԵՄ շահերը տարածաշրջանում:



-Բնականաբար, այդտեղ փոխադարձ շահեր կան և հավատացած եղեք, որ այստեղ շատ կարևոր է մեր դիրքորոշումները: Պետք է, որպեսզի ՀՀ-ն հանկարծ չփորձի արհեստականորեն վիժեցնել այդ գործընթացը, որը վստահ եմ, որ չի անի, սակայն այստեղ շատ մեծ դեր ունի ԵՄ արտաքին հարաբերությունները: Նույն ԵՄ պատասխանատու այրերը կարծում եմ, որ լուրջ հետևություններ են արել այն առումով, որ չպետք է դանդաղեցվի ՀՀ-ի համագործակցության հնարավորությունները՝ միայն հիմքում ունենալով ԵՏՄ-ն, քանի որ այդ կերպ Հայաստանին ավելի շատ կմղեն դեպի ԵՏՄ, առավելևս, որ ես ԵՏՄ-ն համարում եմ քաղաքական խմբավորում:

 

-Իսկ հաշվի առնելով ԵՏՄ-ի խնդիրները՝ Հայաստանը ավելի շատ կմղվի՞ ԵՄ, թե իշխանություններին  բավարարում է ԵՏՄ-ից ստացած արդյունքները:

 

- Աշխարհը շատ արագ փոփոխվող աշխարհ է և ԵՏՄ-ի վստահ կողմնակիցներ կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում իրենց կարծիքը կփոխվի և կհասկանան, որ Հայաստանի զարգացման ամենալուրջ երաշխիքը կարող է ամբողջովին ԵՄ-ի ինտեգրման գործընթացը դառնա՝ թե տնտեսական, թե նոր տեխնոլոգիաների առումով: Ամենամեծ կորուստը, որ մենք ունեցանք  անդամակցելով ԵՏՄ, դա մեկուսացում տանող արտաքին քաղաքականությունն էր, որովհետև ԵՏՄ հիմնական դերակատար Ռուսաստանն այսօր համաշխարհային քաղաքակրթական թատերաբեմում որոշակի առումով մեկուսացման մեջ է: Ւսկ այն տնտեսական օղակի անդամ լինելը, որը գնում է ինքնամեկուսացման, տնտեսական և քաղաքական առումով չեմ կարծում, որ շահեկան է: Մենք մեծ կորուստ ենք ունեցել նաև օտարերկրյա ներդրումների առումով, իսկ ԵՏՄ-ն ունի խիստ կանխատեսվող անկայուն տնտեսական վիճակ:

 

-Հայաստանի իշխանություններ 2015 թվականին միշտ նշում էին, որ իրենք ոչ թե «կամ/կամ» ընտրության առաջ են կանգնած, այլ վարում են  «և/և»-ի քաղաքականություն, ըստ Ձեզ դա հաջողվե՞ց իրականացնել հաշվի առնելով ԵՄ-ի հետ ունեցած համաձայնագիր ստորագրելու տարեվերջյան հնարավորությունը:

 

-Բնության մեջ կան գործընթացներ, որտեղ «և/և»-ը չի գործում: Մակերեսային առումով եթե դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ այնտեղ էլ, այստեղ էլ կարող ենք համագործակցել, սակայն ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը այնպիսի հնարավորություններ էր տալու, որ այսօրվա քննարկվող համաձայնագիրը չի տալիս: Այդ առումով նույնիսկ արհեստական եմ համարում, երբ փորձում են համոզել, թե դա «և/և»-ի քաղաքականություն է: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ԵՏՄ-ի անդամ երկրները՝ ըստ պայմանագրի, պարտավոր են երրորդ երկրների հետ իրենց առևտրային շրջանային հարաբերությունները և մաքսատուրքերի սահմանաչափը որոշելիս ընդհանուր համաձայնություն ունենալ: Այսինքն` ԵՏՄ տնտեսական հանձնաժողովը, որը ես համարում եմ ոչ արդարացված, որոշում է անդամ երկրների երրորդ կողմի հետ ներմուծման արտահանման հետ կապված դրույքաչափերը: Եվ այստեղ խոսել «և/և»-ի քաղաքականության մասին, կարծում եմ, որ բացարձակապես տեղին չէ:

 

ԵՄ-ՀՀ համագործակցության դանդաղեցումը ՀՀ-ին ավելի շատ կմղի դեպի ԵՏՄ. Խ. Քոքոբելյան