Տատը վատ է, հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ. զավեշտալի հարցադրումներ՝ ուղղված Օդերևութաբանության կենտրոնի պետին

19:15 • 11.01.16

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանին եղանակի մասին հարցադրումներով շատ են դիմում: Օդերևութաբանության կենտրոնի պետը Tert.am-ի խնդրանքով ի մի է բերել իրեն ուղղված զավեշտալի հարցադրումներից մի քանիսը:

 

1. «Էս Նոր տարվա ձյունդ որ եկավ, պիվա պատիվ տալի՞ս ես»:

 

2. «Տուրիստների խումբ ենք տանում Գեղամա լեռներ: Ավտոմեքենան մինչև որտե՞ղ կբարձրանա. ձյան ծածկույթը որտեղի՞ց է սկսվում». տուրիստական գործակալությունից։

 

3. «Գագիկ ջան, էդ ձյան վինտիլները մի երկու ռեզբա ձգի, մեղք ենք»:

 

4. Մի գեղեցկադեմ աղջիկ Ֆեյսբուքով գրում է. «Պարոն Սուրենյան ինչով է պայմանավորված դեկտեմբերին նման տաք և չոր եղանակը»։ Պատասխանում եմ՝ անտիցիկլոնով, աղջիկը գրում է՝ «դա ի՞նչ է, ցելոֆա՞ն»:


5. Վերջերս նոյեմբերին մի շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Տատը դեռ չմահացած՝ թոռը հարցնում է. «Տատը վատ է, ի՞նչ խորհուրդ կտաք՝ հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ»:


6. Պարոն Սուրենյան, ձեզ Նորաշենից են անհանգստացնում: Հիմա մեզ մոտ սելավ ա: Ե՞րբ կկտրվի, որպեսզի պապիկին «վերցնենք»:


7. Տոնավաճառի առևտրականները հետաքրքրվում են. «Ե՞րբ ա ցրտելու: Կարա՞նք արդեն սապոգ ու վերարկու հանենք վաճառքի»:

 

8. Փողոցում՝ վարորդները. «Մեքենաների անվադողերը փոխե՞նք, թե դեռ շուտ է»:

 

9. Գյուղատնտեսը. «50 հազարի դեղանյութ եմ առել: Պիտի էնպիսի օր ասես՝ սրսկեմ ծառերս, որ անձրևը չգա, լվանա, փողերս կորի»:

 

10. «Խոտը որ քաղեցինք, անձրևն եկավ, իմացի՝ սաղ փտելու է: Էնպիսի ժամանակահատված ասա, որ գոնե 3 օր անձրև չգա»։


11. Ընկերը. «Կարող ա՞ մեքենաս լվանամ՝ անձրև գա, իզուր 3000 դրամս կորի»:

 

12. Ֆեյսբուքով անծանոթ մեկը գրել է. «Նոյեմբերի 22-ին հարսանիքս է, պարո՛ն Սուրենյան: Խնդրում եմ ինձ արևային օր նվիրեք»:

 

13. «Գագիկ ջան, Քոբուլեթիի տոմսը ե՞րբ առնենք, չգնանք՝ հարամվի»:

 

14. Հիմնականում տատիկները. «Այսօր կարող ա՞ ճնշումս բարձրանա, հո ցիկլոն-միկլոն չի գալիս»:

 

15. Ֆիլմի ռեժիսորը. «Պարոն Սուրենյան, 400 հազար դրամի տեխնիկա ենք վարձել, եթե տեղումներ եղան, կորած ենք»:


 


 

Տատը վատ է, հոգեհացը կարո՞ղ ենք դրսում տալ. զավեշտալի հարցադրումներ՝ ուղղված Օդերևութաբանության կենտրոնի պետին