Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալում է Դանիայից երկիր փախստականներ տեղափոխող տաքսիստներին
Շվեդիայի ոստիկանության աշխատակիցներն Էրեսունդի կամրջի վրա ձերբակալել են տաքսու երկու վարորդի, որոնք փորձել են Դանիայից սիրիացի փախստականների մտցնել երկիր, հաղորդում է gazeta.ru-ն:
Ձերբակալվածներից մեկի մոտ ստուգումների ժամանակ հայտնաբերվել է դանիական անձնագիր, մյուսի մոտ՝ շվեդական: Նրանց պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել:
Ոստիկանության աշխատակիցների խոսքերով՝ վերջին շրջանում զգալիորեն ավելացել է Շվեդիա տաքսի մեքենաներով մտնել փորձողների թիվը, ովքեր ապաստան են խնդրում երկրում:
Շվեդիայի իշխանությունները հունվարի 4-ին անձնագրային հսկողություն են սահմանել երկիր ժամանող գնացքների, ավտոբուսների և նավերի բոլոր ուղևորների նկատմամբ՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականների մեծ հոսքի պատճառով: Խորհրդարանի ընդունած օրենքը պարտավորեցնում է տրանսպորտային ընկերություններին ստուգել փաստաթղթերը, ինչը, սակայն, չի տարածվում տաքսիստների վրա։










