Ստամբուլի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել, հաղորդվում է 10 զոհի մասին. սպասվում է Դավութօղլուի հայտարարությունը (տարբերակ 7, տեսանյութեր, լուսանկարներ)
13.50 Թուրքիայի ներքին գործերի նախարարը երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին զեկուցել է երկրի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած պայթյունի մասին։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, ակնկալվում է, որ առաջիկայում Դավութօղլուն հայտարարությամբ հանդես կգա։
Կառավարությունն արդեն հաստատել է 10 զոհի մասին նախնական տեղեկությունը։ Հաղորդվում է 15 վիրավորի մասին:
13.41 Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում տուժածների թվում Հարավային Կորեայի քաղաքացի կա, տեղեկացնում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել են դեսպանատան ներկայացուցիչները:
Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ ու զբոսաշրջիկներ:
13.31 Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են Ստամբուլի կենտրոնում ուժգին պայթյունի հետևանքով 5-10 զոհի մասին: Զոհերի թվում զբոսաշրջիկներ են: Զոհերի թիվը կարող է ավելանալ։
Վիրավորների թիվը մոտ 20 է:
Hurriyet-ի հաղորդմամբ՝ ահաբեկչի թիրախում եղել է 15-20 զբոսաշրջիկներից բաղկացած մի խումբ:
13.24 Reuters գործակալությունը հաղորդում է մի քանի զոհի մասին: Այլ լրատվամիջոցներ նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկը զբոսաշրջիկ։
Վիրավորների թվում ևս զբոսաշրջիկներ կան՝ ենթադրաբար Գերմանիայից:
Պայթյունի ականատեսներից մեկը CNNTurk-ին պատմել է, որ պայթյուն ու կրակ են տեսել, ինչից հետո ոստիկանությունը սկսել է հեռացնել մարդկանց:
Թեև ականատեսը ահաբեկչին հստակ չի տեսել, սակայն ենթադրում է, որ տեղի ունեցածը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործն է:
13.10 Թուրքական ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլի հրապարակը: Միջադեպի պահին դեպքի վայրում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել: Սուլթանահմեթը կամ Կապույտ մզկիթը Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում:
13.00 Hurriyet-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի կենտրոնում ուժգին պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ: Կայքում հրապարակվել են առաջին կադրերը դեպքի վայրից:
Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր մեկնող ոստիկանական մի մեքենա վթարի է ենթարկվել ու գլխիվայր շրջվել:
Պայթյունի հստակ պատճառը դեռ հայտնի չէ: Շրջանառվում է մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված ահաբեկչության վարկածը:
Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում խոշոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman պարբերականի կայքը, հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին:
Այս պահին դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ: Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները:
Ըստ Turkish Daily News-ի՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսվել է հարակից թաղամասերում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հրապարակվել է դեպքի վայրից տեսանյութ.











