Սոցիալական հիվանդությունների դեմ պայքարը միայն բժիշկների խնդիրը չէ. դա հասարակությունների և պետության խնդիրն է. սոցիոլոգ
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով լայն տարածում գտած H1N1 տեսակի գրիպի մասին, ասաց, թե վիրուսային հիվանդություններն ունեն զարգացման միտումներ, ձևափոխվում են և գրիպը դրանցից մեկն է:
«Հայաստանն աշխարհի մաս է կազմում և սերտ կապեր ունի, հայերը ապրում են 105 երկրներում: Տարեկան դեպի Հայաստան մեկուկես միլիոն մարդ է գալիս, և վիրուսների ներթափանցման վնասը մեծ է»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ գրիպի առաջին համաճարակը 100 միլիոն մարդու կյանք է խլել:
Վերջինիս խոսքերով՝ 2009 թվականին գրիպի առաջին համաճարակը տարավ 18 000 մարդու կյանք. «Հիմա մարդիկ, կարծես թե, կազմակերպված են վերաբերվում գրիպին: Սոցիալական հիվանդությունների դեմ պայքարը միայն բժիշկների խնդիրը չէ, դա հասարակությունների և պետության խնդիրն է»:
Սոցիոլոգն ասաց, թե սա համաճարակ չէ, սկզբնական փուլն է, և իր խոսքով՝ եթե դեմը չառնեն, կարող է և վտանգավոր լինել:
«Ուկրաինայում 25 հոգի է մահացել, արդեն այդ երկրում կարանտին են հայտարարել: Համաճարակ հայտարարելու համար առաջինը վտանգի մեծացումն է: Համաճարակին պետք է նախօրոք պատրաստված լինել»,-նշեց Ադիբեկյանը:










