Գրանցվել է խոզի գրիպից մահացության 14-րդ դեպքը. Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել (լրացված)
19։52
Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:
Չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով («Խոզի գրիպ»)երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ երկու հիվանդն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն և միացված էին արհեստական շնչառության սարքի։
Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին գրանցվել էր խոզի գրիպից 11-րդ մահացության դեպքը. մահացողը 57-ամյա կին էր։










