Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է Ջակարտայի ահաբեկիչների ազգությունը
Ինդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է Ջակարտայում ահաբեկչություններ կազմակերպած ահաբեկիչների ազգությունը, հաղորդում է lenta.ru-ն:
Ջակարտայի ոստիկանության ղեկավար գեներալ Տիտո Կարնավիանի խոսքով՝ նրանք բոլորն ինդոնեզացիներ են եղել։ Դեռ հայտնի չէ, թե հաջողվել է արդյոք գրոհայիններից որևիցե մեկին փախչել իրավապահ մարմինների աշխատակիցներից:
Բացի այդ, Կարնավիանը հայտնել է ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի՝ իսլամիստ Մուհամեդ Բահրուն Նաիմի մասին մանրամասներ: Նա ժամանակին ստեղծել է «Կատիբա Նուսանտարա» ծայրահեղական խումբը և այժմ փորձում է դառնալ Հարավ-արևելյան Ասիայում «Իսլամական պետության» բաժնի ղեկավարը: Այդ պաշտոնին նա միակ թեկնածուն չէ: Կարնավիանի կարծիքով՝ մայրաքաղաքում ահաբեկչությունները Նաիմը կազմակերպել է, որպեսզի ԻՊ-ի ղեկավարությանը ցույց տա իր օգտակարությունը: Ինդոնեզական հատուկ ծառայությունների տվյալներով՝ այժմ իսլամիստը գտնվում է սիրիական Ռաքքայում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինդոնեզիայի ոստիկանությունը ևս 3 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են Ջակարտայում ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու համար:
Ջակարտայում պայթյունների հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 17 մարդ: ԻՊ-ն արդեն ստանձնել է Ինդոնեզիայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:










