Բավարական քաղաքի իշխանությունները փախստականներով լի ավտոբուսն ուղարկել են Մերկելի մոտ
Բավարական Լանդսհուտ քաղաքի իշխանությունները 31 սիրիացի փախստականներով ավտոբուսն ուղարկել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեռլինյան նստավայրի հասցեով, ինչի մասին հայտնում է euromag.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա արվել է ի նշան ներգաղթյալների հարցում երկրի ղեկավարի վարած քաղաքականության դեմ բողոքի։
«Մենք փորձում ենք օգնել այս մարդկանց գերմանական հասարականության լիարժեք անդամ դառնալու հարցում, սակայն դա հնարավոր չէ անել անընդհատ ժամանող փախստականների ֆոնին»,-նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Պետեր Դրայերը:
Նա նաև հավելել է, որ ավտոբուսում եղած բոլոր սիրիացիները միաձայն համաձայնել են Բեռլին գնալու հարցում:
Աղբյուրը հավելում է, որ անցած տարի Գերմանիան ընդունել ու ապաստան է տրամադրել 1.1 մլն փախստականի: Ենթադրվում է, որ այս տարի նրանց թիվը շատ ավելի մեծ է լինելու։










