Սիրիայում պատերազմը կավարտվի, եթե կատարվի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը. Սիրիայի արտգործնախարար
Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Քաթարը պետք է կատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի դադարեցնեն պատերազմը Սիրիայում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:
«Եթե հարևան երկրները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը կատարեն ահաբեկչության դեմ պայքարի մասին բանաձևը, ապա մեր ճգնաժամի 70 տոկոսը կավարտվի, իսկ մնացած 30 տոկոսը խոստանում եմ, որ կավարտվի մինչև տարեվերջ»,-ասել է Մուալլեմը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 17-ին միաձայն ընդունել էր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը՝ ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ:
Խոսելով Էր-Ռիադի ու Թեհրանի միջև լարված հարաբերությունների մասին՝ Մուալլեմը հայտարարել է, որ սաուդցիները կարող են ընդլայնել ահաբեկիչների ֆինանսական ու ռազմական աջակցությունը, նաև փորձել տապալել Ժնևում նախատեսվող համաժողովը։










