Շոն Պենը հայտարարել է, որ զղջում է մեքսիկացի նարկոբարոնի հետ հանդիպման համար
Ամերիկացի դերասան Շոն Պենը հայտարարել է, որ «շատ զղջում է» Թզուկ մականունով մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի հետ հանդիպման մասին, գրում է gazeta.ru-ն:
«Ես ցավում եմ, որ այդ հոդվածի բոլոր քննարկումները արհամարհում են դրա գլխավոր նպատակը՝ թմրանյութերի դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականության մասին բանավեճում ներդրում անելու փորձը»,- մեկնաբանել է նա նարկոբարոնի հետ իր հարցազրույցը:
Դերասանը նաև հայտնել է, որ մտահոգություններ չունի իր կյանքի համար տեղի ունեցածից հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մեքսիկական իշխանությունները հետաքննություն են սկսել հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Պենի և մեքսիկացի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի նկատմամբ:
Հետաքննության համար առիթ է հանդիսացել հարցազրույցը, որը դերասանները վերցրել են «Թզուկ» մականվամբ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանից: Միևնույն ժամանակ Associated Press գործակալությունը հայտնել է, որ Շոն Պենի հետ Գուսմանի կապի դուրս գալն օգնել է մեքսիկական իշխանություններին որոշել նրա հստակ գտնվելու վայրը և ձերբակալել նրան:










