Իրանի պատժամիջոցները կչեղարկվեն հունվարի 16-ին. Զարիֆ
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի պատժամիջոցները կչեղարկվեն շաբաթ օրը՝ հունվարի 16-ին, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Վիեննա, որտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, հավանաբար, կհայտարարի Թեհրանի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի կատարման արդյունքները:
Հայտնի է դարձել նաև, որ Զարիֆը Վիեննայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Իրանի կողմից միջուկային համաձայնագրի կատարման վերաբերյալ ԱԷՄԳ-ի զեկույցը կհրապարակվի հունվարի 16-ին:
Զեկույցից հետո Իրանի արտգործնախարարը և Ֆեդերիկա Մոգերինին եզրափակիչ հայտարարություն կանեն պատժամիջոցների չեղարկման մասին:
Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը կստանա արտասահմանյան հաշիվներում սառեցված ակտիվների հասանելիություն, որոնց արժեքն ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատմամբ մոտ 50 միլիարդ դոլար է։ Իրանը կկարողանա նաև ավելացնել նավթի արտահանումն օրական 500 հազար բարելով։
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, դրա դիմաց Արևմուտքը կչեղարկի սահմանած պատժամիջոցները։










