Եթե աշխատեիք ՀՀ դատարանում՝ չէր լինի Ձեր կաշկանդվածությունը. Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանները միջնորդություն ներկայացրին

14:02 • 18.01.16

Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։
 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանության գործում ներգրավված իրավապաշտպան Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց՝ նիստերը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացնելու պահանջի վերաբերյալ:


Դիմելով դատարանին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ վարույթում գտնվող քրեական գործի վերաբերյալ դատավորի կողմից որոշում է կայացվել, ըստ որի՝ դատարանն, ի թիվս այլի, որոշել է՝ դատական քննությունն անց է կացվելու արտագնա դատական նիստում՝ Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զորամասում:


Ըստ Արթուր Սաքունցի՝ ամբաստանյալն ազատազրկման է դատապարտվել ու պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, որովհետև հնարավոր է ապահովել ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստերին, երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքնի անցկացումը: Սաքունցն ասաց, որ արտագնա դատական նիստ անցկացնելու որոշման հիմնավորման մեջ ասված է, որ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում:


«Մեր միջնորդության իրավական պահանջը, հետևյալն է. դատարանի պատճառաբանությունը կայանում է նրանում, որ Պերմյակովը պատիժը կրում է կալանատանը, անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք է ստեղծում: Սույն պատճառաբանությամբ դատարանը կասկածի տակ է դնում բոլոր այն դատական ակտերը, որոնք չեն իրականացվել արտագնա դատական նիստում ու ամբաստանյալը պատիժ է կրել քրեակատարողական հիմնարկներից մեկում: Փաստորեն, դատարանն ընդունում է, որ նման դատական ակտերը ընդունվել են արդար դատաքննության իրավունքի խախտմամբ կամ դրանք չեն բխում արդյունավետության իրացման շահերից: Գտնում ենք, որ դատարանի որոշումն առարկայազուրկ է»,- նշեց Արթուր Սաքունցը՝ մեջբերելով Եվրոպական կոնվեցիայի համապատասխան կետերը:


Իրավաբանն ասաց նաև, որ իր բերած հիմնավորումներից պարզ է դառնում, որ Պերմյակովի գործով արտագնա դատական նիստ չվարելու դեպքում իրավախախտում լինել չի կարող:
Սաքունցն ասաց նաև, որ ռազմաբազայի տարածքում, որտեղ այս պահին ընթանում է նիստը, չկան անգամ պատշաճ աշխատանքային պայմաններ, ապահովված չեն լրագրողների, դատավարության մասնակիցների ներկայությունը:


Սաքունցը շեշտեց, որ իրենք տեղյակ չեն անգամ՝ դատավորն ունի՞ խորհրդակցական սենյակ, թե՞ ոչ, արդյո՞ք այդ խորհրդատվական սենյակում միայնակ է որոշում կայացնում, թե՞ ոչ: «Վստահ չենք դատավորի համար կա՞ն պատշաճ խորհրդակցական սենյակներ կամ մենակ եք արդյո՞ք այդ խորհրդատվական սենյակում: Մենք չգիտենք՝ որտեղ է, ում հետ խորհրդակցեցիք: Այսինքն՝ խորհրդակցական սենյակ չկա»,- նկատեց նա:


Սաքունցը նշեց, որ Վալերի Պերմյակովը մեկուսացված է ապակեպատ վանդակներում, ձեռնաշղթաներով է, նրա պատասխանները լսելի չեն դատավարության մասնակիցներին: «Սա Եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է: Լսելի չեն նաև Պերմյակովի թարգմանչի խոսքերը, չգիտեմ՝ ինչ է թարգմանում, պատշաճ է կատարում թարգմանումը, թե՝ ոչ: Մենք տեսնում ենք Պերմյակովի դեմքը, միմիկան, որն էական նշանակություն ունի՝ նրա հոգեբանական, զգայական ապրումների մասով»,- շեշտեց նա:


Սաքունցը նկատեց, որ դատական նախորդ նիստին ներկա էին զինվորական համազգեստով ռուսական բազայի երկու զինծառայողներ, որոնց ներկայությունը դատարանում արգելվում է: Այսօր, սակայն, նրա խոսքով, զինվորականները դատարանում չեն, թեև իրենց ներկայացրած միջնորդությունը դատարանի կողմից մերժվել էր:


Վերջում Արթուր Սաքունցը կրկնեց, որ արտագնա նիստ անցկացնելը չի բխում ո՛չ տուժող, ո՛չ մեղադրվող կողմի շահերից, չի համապատասխանում արդար դատաքննության անցկացման որևէ կետին:


Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանն էլ համաձայնեց միջնորդության պահանջներին, շեշտեց, որ Պերմյակովը չպետք է վանդակների մեջ մասնակցի դատական նիստին: «Կարևոր է, որ դատարանը չխախտի Պերմյակովի իրավունքները: Արդար դատաքննություն պետք է ապահովել, իսկ դա բխում է մեր բոլորի շահերից, որպեսզի, երբ վճիռ լինի, Պերմյակովը չկարողանա ասել, որ իրավունքներից մեկը խախտվել է»,- հավելեց Լուսինե Սահակյանը:


Վերջինս դիմեց նաև դատավորին, ասելով, որ իրենք տեսնում են վերջինիս կաշկանդվածությունը, քանի դեռ նիստը ընթանում է ռազմաբազայում: «Մենք տեսնում, ենք ձեր կաշկանդվածությունը, որը չէր լինի, եթե աշխատեիք ՀՀ դատարանում»,- հավելեց նա: Լուսինե Սահակյանը շեշտեց, որ պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովված չեն նաև լրագրողների համար:


Սահակյանը շեշտեց, որ դատավորը, տեսնելով աշխատանքային ոչ պատշաճ պայմանները, շարունակում է համակերպվել դրանց: «Լավ, եկաք տեսաք, որ այստեղ այս վիճակն է, բայց միևնույն է շարունակում եք այս պայմաններում աշխատել, մեզ համար դա զարմանալի է և լրացուցիչ հիմք է տալիս ենթադրելու, որ այո՛, դուք կաշկանդված եք»,- ընդգծեց նա:


Ավետիսյանների իրավահաջորդների բոլոր փաստաբանները համաձայնեցին միջնորդության հետ:


Ապա դատավորը հարցրեց նաև Վալերի Պերմյակովին: Վերջինս հայտարարեց. «Ինձ համար տարբերություն չկա»։


Դատարանն ընդմիջում հայտարարեց:
 

Եթե աշխատեիք ՀՀ դատարանում՝ չէր լինի Ձեր կաշկանդվածությունը. Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանները միջնորդություն ներկայացրին