Առատ ձյան հետևանքով Արաքս գյուղի բնակիչների ջերմատները վնասվել են. վերջիններս պահանջում են նյութական օգնություն
Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Արաքս համայնքում տարեսկզբին տեղացած առատ ձյան պատճառով գյուղացիների ջերմատներն ավերվել են. նրանք կառավարությունից պահանջում են նյութական օգնություն, որպեսզի վերակառուցեն ջերմատները:
Tert.am-ի հետ զրույցում Արաքս համայնքի ղեկավար Ավագ Միքայելյանն ասաց, թե առատ ձյան պատճառով բնակիչները չհասցրեցին ջերմատները մաքրել:
«Յուրաքանչյուրը մոտ 1000-2000 քմ տարածքով ջերմատուն ունի կառուցած, և բնական է, որ մարդիկ ընտանիքի անդամներով չէին հասցնելու մաքրել այդ աննախադեպ ձյունը: Ինչքան կարողացել, մաքրել են, որն էլ հնարավոր չի եղել մաքրել, ձյան ծանրությունից ջերմատները նստել են»,-ասաց Ավագ Միքայելյանը՝ նշելով, թե ամբողջ խնդիրն այն է, որ բնակիչները ծանր նյութական վիճակում վարկեր ունեն, դժվարությամբ են նույնիսկ 5000 դրամ հարկերը մուծում, այդքանից հետո էլ այսօր յուրաքանչյուրը 50 000-ից մինչև 300 000 դրամի վնաս է կրել:
Գյուղապետը բնակիչների դիմումները հաշվառել է, հարցի վերաբերյալ տեղյակ է պահել մարզպետարանում:
Ինչպես գյուղապետն ասաց, Արաքսը Էջմիածնի տարածքի միակ սահմանամերձ գյուղն է, հողերի մոտ 80 տոկոսը սահմանի ներսում է. «Բնակիչները սահմանի շերտն են մտնում՝ գյուղատնտեսական աշխատանքներն անելու: Բողոք ունենալու դեպքում դարպասներն են փակում, վերջին դեպքը եղել է 6 տարի առաջ՝ ջրի հետ կապված: Հիմա նույնպես սպառնում են դարպասները փակել, փորձելով ուշադրություն հրավիրել հարցի վրա»:










