Ադրբեջանը 20% պարտադիր վճար է սահմանում $50.000–ը գերազանցող արտասահմանյան փոխանցումների համար
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են 20%-ի պարտադիր վճար սահմանել արտերկիր դրամական փոխանցումների համար, որոնց գումարը գերազանցում է 50 հազար դոլարը։ Այդ մասին հայտարարել է երկրի կենտրոնական բանկի ղեկավար Էլման Ռուստամովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։
«Արժութային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ այս միջոցը չի տարածվի այն փոխանցումների վրա, որոնք կապված են բուժման, կրթության, դատարանի և երկրի իրավապահ մարմինների որոշումների իրագործման ծախսերի հետ։
Պարտադիր վճար կսահմանվի արժույթի նկատմամբ, որը երկրից դուրս է բերվում որպես ուղղակի ներդրում՝ արժեթղթերի և անշարժ գույքի ձեռքբերման համար։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրահանգել էր կառավարությանը միջազգային փորձագետների մասնակցությամբ պետության կողմից մասնավորեցման լայնամասշտաբ ծրագիր մշակել։
Այդ գործունեության համար անհրաժեշտ է ներգրավել արտասահմանյան և տեղական ներդրողների, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ տնտեսության ակտիվացման և գործարար մթնոլորտի բարելավման համար, հայտարարել է Ալիևը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը նվիրված խորհրդակցությանը:










