Ինչու են Մոնակոյի իշխանուհի Շառլենին թույլ տվել սպիտակ հագուստով գալ Հռոմի պապի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
Օրերս Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդն ու նրա կինը` իշխանուհի Շառլենը, պաշտոնական այցով մեկնել են Վատիկան` հանդիպելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, յուրաքանչյուր նշանակալի անձի հանդիպումը Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հետ, անշուշտ, ուշադրության արժանի իրադարձություն է: Սակայն այս հանդիպումը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը նաև այն պատճառով, որ իշխանուհի Շառլենը Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը ներկայացել է ոչ թե սև, այլ` ամբողջությամբ սպիտակ հագուստով:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 37-ամյա Շառլենն օգտվել է այսպես կոչված՝ «սպիտակի առավելությունից» (le privilége du blanc), որը հնարավորություն է տալիս թագավորական տների կաթոլիկ կին ներկայացուցիչներին պոնտիֆիկոսի հետ հանդիպմանը ճերմակ հանդերձներով ներկայանալ։ Մինչդեռ քրիստոնեության մյուս ճյուղերի ու այլ կրոնների հետևորդները պարտավոր են միմիայն սև հագուստով գալ Պապի մոտ:
























