Ընդունված է հերոս մարդկանց մասին գովեստներ ասել, Մովսեսի մասին միայն ճշմարտությունն ասելը բավական է. Պ. Հայրիկյան
Հունվարի 19-ը Հայաստանի ազգային հերոս, հայ քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ Մովսես Գորգիսյանի մահվան օրն է:
«Ե՛վ լավ կազմակերպիչ էր, և՛ լավ հռետոր, նաև գաղափարի նվիրյալ: Շատ կարճ ժամանակամիջոցում կարողացավ դառնալ առաջնորդ, որովհետև իր մեջ այդ հատկանիշները կային: Մովսեսը գիտեր նաև պատվել մեծերին, դա մեծագույն պահանջն է, որ կարող է դրվել առաջնորդի առջև»,- Tert.am-ի հետ զրույցում խոսելով Մովսես Գորգիսյանի մասին, ասաց նրա գաղափարական ընկերը՝ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա ասաց, թե Մովսես Գորգիսյանի մասին կարճ խոսելը պարտավորեցնում է շատ ճշգրիտ լինել, մինչդեռ Մովսեսին բնութագրելու համար շատ բաներից պետք է խոսել:
«Իսկապես բացառիկ անձնավորություն էր: Սովորաբար ընդունված է՝ պաշտոնապես հերոս ճանաչված մարդկանց մասին պարզապես գովեստներ ասել: Մովսեսի մասին միայն ճշմարտությունն ասելը բավական է: Ինքը դեռևս շարունակում է մնալ ամբողջությամբ չբացահայտված կերպար»,- ընդգծեց Հայրիկյանը:
Պարույր Հայրիկյանն ասաց, թե պետական արխիվին մեծ քանակությամբ տեսաժապավեններ են նվիրել, որտեղ երևում է Մովսեսն իր ողջ խորությամբ:
Ինչպես ասաց կուսակցական ընկերը՝ Մովսես Գորգիսյանը պատեհապաշտական դրսևորումներ երբեք չի ունեցել:

«Իր նվիրվածությունը գալիս է նրանից, որ ինքը խորին համոզում ուներ, որ ճշմարտությունն է հաղթողը: Մի բանաձև էր Մովսեսը տվել, որ հաճախ կրկնում էր, ասում էր՝ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է չմտածես այն մասին, թե այս պահի դրությամբ ինչն է ավելի բարենպաստ և օգտակար, այլ պետք է առաջնորդվել միայն մի բանով՝ որն է ճիշտը»,- նշեց ԱԻՄ նախագահը:
Մովսես Գևորգի Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին Երևանում:
.jpg)
1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: 1986-ին աշխատանքի է անցնում Գորիսի դրամատիկական թատրոնում: 1986-1987թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թ. թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։










