Շվեդիայի ոստիկանությունը տարհանել է աշակերտներին՝ դպրոցներից մեկում ռումբի մասին ահազանգից հետո
Ստոկհոլմի Դանդերյուդ արվարձանում գտնվող Բրիտանական միջազգային դպրոցից ոստիկանությունը տարհանել է մոտ 250 մարդու՝ ռումբի մասին ահազանգից հետո: Այդ մասին հաղորդվում է երկրի իրավապահ մարմինների կայքում, գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ ոստիկանները շրջապատել են ուսումնական հաստատության շենքը: Տարհանվածների թվում են երեխաներն ու դպրոցի անձնակազմը:
Դպրոցի տարածքում այժմ աշխատում են փրկարարները: Ուսումնական հաստատությունում սովորում են 3-13 տարեկան երեխաներ: Սովորողները 45 երկրների քաղաքացիներ են։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։










