Բրիտանական դատարանը Պուտինին կասկածում է Լիտվինենկոյի սպանությանը ներգրավվածության համար
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը ենթադրաբար հավանության է արժանացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, գրում է The Guardian-ը։
Այդ մասին ասված է հետաքննության արդյունքներով Լոնդոնի բարձր դատարանի դատավոր Ռոբերտ Օուենի ներկայացրած զեկույցում։
Ինչպես ասված է փաստաթղթում՝ սպանության անմիջական կատարողները եղել են գործարար Դմիտրի Կովտունը և Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, այժմ ՌԴ պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը, որոնք «գործել են երրորդ անձանց հրամանով», հայտնել է The Guardian-ի լրագրող Լյուկ Հարդինգը Twitter-ի իր էջում:
Լիտվինենկոյի սպանությունն «Անվտանգության դաշնային ծառայության գործողությունն է եղել, որը ենթադրաբար հավանության է արժանացել ծառայության ղեկավար Նիկոլայ Պատրուշևի, ինչպես նաև նախագահ Պուտինի կողմից», Հարդինգը մեջբերել է Օուենի զեկույցը։
Լոնդոնի բարձր դատարանի անցկացրած հետաքննության նպատակը եղել է Լիտվինենկոյի սպանությանը ռուսական իշխանությունների հնարավոր ներգրավվածությունը պարզելը:
Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն, ով համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին: Ինչպես պարզել է փորձաքննությունը՝ նա մահացել է պոլոնիումով թունավորման հետևանքով։
Բրիտանական իրավապահ մարմինները, որոնք հետաքննել են Լիտվինենկոյի մահը, եկել են եզրակացության, որ նրան հանդիպման ժամանակ թունավորել են Դմիտրի Կովտունը և Անդրեյ Լուգովոյը:
Լիտվինենկոյի կինը՝ Մարինա Լիտվինենկոն, ելույթ ունենալով զեկույցի հրապարակումից հետո, կոչ է արել Մեծ Բրիտանիային տնտեսական պատժամիջոցներ կիրառել նշված անձանց, այդ թվում նաև Պուտինի նկատմամբ:










