Գլենդեյլում 2 հայի մեղադրանք է ներկայացվել ֆինանսական խարդախությամբ գումար աշխատելու համար
ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում բնակվող Արտաշես Դարբինյանին ու Օրբել Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել էլեկտրոնային փոստով հանցավոր ճանապարհով ամերիկյան բանկերից մեկից գումար շորթելու համար։
Ինչպես հայտնում է dailynews.com-ը, 36-ամյա Դարբինյանն ու 41-ամյա Հակոբյանն իրենց հանցավոր ծրագիրն իրականացրել են բանկային կեղծ հաշիվների միջոցով` որպես թիրախ ընտրելով Wells Fargo բանկը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք բանկի հաճախորդներին խաբել են` խոստանալով համապատասխան գումարի դիմաց մատուցել որոշակի ծառայություններ, որոնք, գումարը ստանալուց հետո, այդպես էլ չեն իրագործվել։
Հայտնի է, որ խարդախության իրականացման հարցում Դարբինյանին ու Հակոբյանին օգնել են բանկի որոշ աշխատակիցներ։ Բանկային կեղծ հաշիվներին նստեցված գումարները գտնվել են Դարբինյանի վերահսկողության տակ: Այնուհետև դրանք հանվել են, ու դրանց մի մասը վերածվել է ոսկու:










