Հնդկաստանում Ֆրանսիայի հյուպատոսությունն Օլանդի այցի առնչությամբ սպառնալից նամակ է ստացել
Հնդկական Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքում ֆրանսիական հյուպատոսարանը սպառնալիք է ստացել՝ պայմանավորված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հնդկաստան առաջիկա այցով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Ֆրանիսայի նախագահի այցի դեմ նախազգուշական նամակ է ստացել»,- հայտնել է ոստիկանության աղբյուրը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ին։ Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ սպառնալիքներով նամակն ուղարկվել է Հնդկաստանի հարավում գտնվող Չենայ քաղաքից։ Նամակի տեքստի մասին տեղեկություններ չկան։ Ոստիկանությունը շարունակում է քննությունը։
Օլանդի այցը Հնդկաստան նախատեսված է հունվարի վերջին։ Ակնկալվում է, որ նա լինելու է Հանրապետության օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուրը։ Այդ օրը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ծառայություն են իրականացնելու 80 հազար ոստիկաններ։










