Յոթ երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են սոցկայքերում ԻՊ-ի դեմ պայքարը
Փարիզում հակաահաբեկչական կոալիցիայի առաջատար երկրների պաշտպանության նախարարների քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է սոցկայքերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակաազդելը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այդ մասին հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, ով մասնակցել է հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները։
Փեյնը խոստովանել է, որ Ավստրալիան և կոալիցիայի այլ մասնակից երկրներ մինչ օրս չափազանց դանդաղ են արձագանքում քարոզչական արշավին, որը սկսել են ԻՊ-ի գրոհայինները սոցկայքերում:
«Մենք շատ ենք խոսել Փարիզում այդ թեմայով: Ժամանակակից պայմաններում ռազմական արշավը տարվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև այլ ճակատներում, այդ թվում` սոցկայքերում: Որպես առաջատար այդ առումով Մեծ Բրիտանիան է, և մենք բոլորս պատրաստակամություն ենք հայտնել օգնել նրան»,- ասել է ավստրալացի նախարարը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Իրաքում և Սիրիայում ռազմավարության և գործողությունների համակարգման հարցերը: Քննարկումը կշարունակվի փետրվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։










