Կիևում դիմակ կրելու ռեժիմ է սահմանվել

15:27 • 21.01.16

Կիևի քաղաքապետարանն Ուկրաինայի մայրաքաղաքում «դիմակային ռեժիմ» է սահմանել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների կանխման համար։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիևի քաղաքապետի խորհրդական Միխայիլ Ռադուցկին, հաղորդում է korrespondent.net-ը։

 

«Ինչ վերաբերում է լրացուցիչ միջոցներին, որոնք սահմանել է Կիև քաղաքը չափահաս բնակչության շրջանում հիվանդության տարածումը սահմանափակելու համար, բնակչության առավել մեծ կուտակումների վայրերում սանիտարային լրացուցիչ սահմանափակումների սահմանումն է: «Դիմակային ռեժիմ» է սահմանվել խանութներում աշխատողների համար, զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում, շուկաներում, ռեստորաններում, սրճարաններում, հանրային սննդի բոլոր վայրերում»,- ասել է Ռադուցկին:

 

Նա նաև հայտնել է, որ դիմակ պետք է կրեն նաև մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատակիցները։

 

Ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարները պատասխանատվություն են կրելու դիմակների փոփոխման գրաֆիկի պահպանման համար:

 

«Դիմակի յուրաքանչյուր շերտ ապահովում է մեկ ժամվա պաշտպանություն»,- ասել է նա։
Ռադուցկին հայտնել է նաև, որ Կիևի դպրոցներում արձակուրդները երկարացվել են մինչև հունվարի 27-ը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաստատել է գրիպի պատճառով 51 ուկրաինացու մահը։

Կիևում դիմակ կրելու ռեժիմ է սահմանվել