Թուրքիան շարունակում է աջակցել Սիրիայում ահաբեկիչներին. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն ակտիվացել են սիրիական խնդրի շուրջ բանակցությունների նախաշեմին, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Վերջին օրերին հատկապես նկատելի է, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների նախաշեմին ակտիվացել են ահաբեկչական խմբավորումների գործողությունները։ Խոսքն այն մասին է, որ նրանք, ակնհայտորեն, փորձում են իրենց օգտին շրջել մարտական գործողությունների ընթացքն ու փոխել իրադրությունը։ Սիրիական կառավարական զորքերին հակահարվածներ տալու փորձեր են անում «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումները։ Նրանք Հալեպ նահանգում լուրջ աջակցություն են ստանում Թուրքիայից»,- հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, թե այն պայմաններում, երբ շահագրգիռ բոլոր կողմերը հույսեր են կապում երկխոսությունների հետ, որոշ արտաքին ուժեր շարունակում են Սիրիայի զինյալներին, այդ թվում՝ ահաբեկչական խմբավորումներին, զենք ու զինամթերք տրամադրել։










