Ղրղզստանը խզել է ՀԷԿ-ի կառուցման մասին Ռուսաստանի հետ համաձայնագիրը
Ղրղզստանը խզել է Ռուսաստանի հետ «Կամբարատա-1» ՀԷԿ-ի և Վերխնե-Նարինսկի կասկադի չորս ՀԷԿ-երի կառուցման և շահագործման մասին համաձայնագիրը, հաղորդում է meduza.io-ն:
Համապատասխան որոշումը ստորագրել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Ավելի վաղ պայմանագրերի խզումը հավանության է արժանացրել երկրի խորհրդարանը:
Ռուսական կողմը, ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «հարգանքով է ընդունել պայմանագրերի խզման մասին գործընկերների որոշումը՝ այն պայմանով, որ կպահպանվեն անհրաժեշտ միջազգային-իրավական գործընթացները և կապահովվեն կողմերի նյութական շահերը»։
Հայտարարելով գործարքի չեղարկման պլանների մասին՝ Ալմազբեկ Աթամբաևը 2015 թվականի դեկտեմբերին բացատրել էր, որ Ռուսաստանը տնտեսական իրավիճակի հետ կապված օբյեկտիվ պատճառներով չի կարողանա ՀԷԿ կառուցել Ղրղզստանում։










