Lufthansa ավիաընկերությունը բորտուղեկցորդների հետ համաձայնության է հասել
Lufthansa ավիաընկերությունը և Ufo բորտուղեկցորդների արհմիությունը գումարային վեճում ժամանակավոր համաձայնության են հասել։ Այդ մասին հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հելմուտ Տոլկսդորֆը, հաղորդում է gazeta.ru-ն:
«Այո, ես կարող եմ հաստատել դա»,- ասել է նա։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը պարտավորվում են զերծ մնալ գործադուլների և բողոքի այլ ակցիաների անցկացումից: Բանակցությունների մասնակիցները նախնական պայմանավորվել են բորտուղեկցորդների կենսաթոշակային ապահովման և աշխատավարձերի վերաբերյալ:
Բացի այդ, կողմերը ստորագրել են նախնական համաձայնագիր կենսաթոշակային ապահովման մասին:
2015 թվականի նոյեմբերին արհմիությունը կազմակերպել է մի քանի գործադուլ: Այդ ժամանակ ընդհանուր առմամբ չեղարկվել է 4,7 հազար չվերթ: Գործադուլի պատճառը եղել է թոշակների և սոցիալական վճարների չափի վերաբերյալ ավիաընկերության աշխատակիցների արհմիության և ընկերության ղեկավարության միջև տարաձայնությունը։










