Մոսկվայում չեն արտոնել Կադիրովի հրաժարականի պահանջով ակցիայի անցկացումը

15:33 • 22.01.16

Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի անցկացումը։

 

Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, այդ մասին հաղորդվում է «Յաբլոկո» կուսակցության կայքում, որը պատրաստվում էր Մոսկվայում հանրապետության ներկայացուցչության մոտ բողոքի զանգվածային ակցիա իրականացնել։

 

Զանգվածային ակցիայի փոխարեն կուսակցությունը պիկետ կանցկացնի Ռուսաստանի նախագահի վարչակազմի շենքի մոտ։ Ակցիան կկայանա հունվարի 26-ին։

 

Ակցիային կմասնակցի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սերգեյ Միտրոխինը։

 

«Ռուսական ընդդիմությունը չի կարող զերծ մնալ իր հասցեին հնչող մեղադրանքներին պատասխան տալուց։ Մեր պիկետի ընթացքում կպահանջենք, որ Կադիրովը ներողություն խնդրի, իսկ Պուտինից կպահանջենք, որ նա ազատվի Չեչնիայի նախագահի պաշտոնից»,-ասել է նա։

 

Կադիրովը հունվարի 12-ին Գրոզնիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե արտահամակարգային ընդդիմության ներկայացուցիչներին պետք է վերաբերվել որպես «ազգի թշնամիների, որպես դավաճանների»: Նա նաև կարծիք էր հայտնել, որ «այդ մարդկանց պետք է դատել ամենայն խստությամբ՝ իրենց քայքայիչ գործունեության համար»։

Մոսկվայում չեն արտոնել Կադիրովի հրաժարականի պահանջով ակցիայի անցկացումը