Նիկոլա Սարկոզին գիրք է գրել, որում պատմել է իր թույլ տված սխալների մասին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններում, հրատարակել է նոր գիրք։
Ինչպես հայտնում է France24-ը, La France pour la vie («Ֆրանսիան` կյանքի համար») խորագրով գրքում նախկին ղեկավարը խոստովանում է բոլոր սխալները, որոնք թույլ է տվել երկիրը 2007-2012թթ. կառավարելու ընթացքում:
Ընդհանուր առմամբ, քաղաքական գործչի «մեղայականը» բաղկացած է 27 անկեղծ խոստովանությունից: Սարկոզին ընդունել է, որ նախագահ եղած ժամանակ բավականաչափ խիստ չի եղել ու առատաձեռն է եղել սոցվճարների հարցում:
«Այժմ ես ափսոսում եմ, որ մեծ ուշացումով եմ իրականացրել մի շարք բարեփոխումներ, որոնք պետք է իրագործեի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո»,- գրել է նախկին նախագահը:










