Ուկրաինան տուգանել է «Գազպրոմին»

15:23 • 22.01.16

Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ երկրի տարածքով գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովի ղեկավար Յուրի Տերենտևը, գրում է korrespondent.net-ը։

 

«Հենց նոր որոշում է կայացվել Ուկրաինայի տարածքով «Գազպրոմ» ընկերության կողմից հիմնական խողովակաշարերով բնական գազի տարանցման շուկայում մենաշնորհային դիրքի չարաշահման մասին»,- գրել է նա։

 

Տերենտևի խոսքով՝ տուգանքի չափը կազմում է 85 միլիարդ գրիվնա (մոտ 3,5 միլիարդ դոլար):

 

Ավելի վաղ հանձնաժողովից հայտնել էին, որ «Գազպրոմը» 2009-2015 թվականներին մշտապես խախտել է Ուկրաինայի նավթագազային ընկերության հետ պայմանագրի պայմանները։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի կառավարությունն ապրիլի 22-ին դիմել է հակամենաշնորհային հանձնաժողովին՝ խնդրելով «Գազպրոմի» նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն սկսել։

 

Ուկրաինան տուգանել է «Գազպրոմին»