Ամերիկացիները նախապատրաստվում են «տասնամյակի ձնաբքին». Վաշինգտոնում 2 օր չի աշխատի հասարակական տրանսպորտը
ԱՄՆ-ի արևելյան ափերին է մոտենում սաստիկ ձնաբուք, Վաշինգտոնում 2 օր չի աշխատի հասարակական տրանսպորտը, հանգստյան օրերին կփակվի մետրոն, կհետաձգվեն հազարավոր ավիաչվերթներ, գրում է Комсомольская правда-ն:
«Մետրոն չի գործի այս հանգստյան օրերին` սպասվող ձնաբքի պատճառով»,- հայտնել է Վաշինգտոնի մետրոպոլիտենի ղեկավար Փոլ Վիդերֆելդը` նշելով, որ գնացքները կդադարեն գործել ուրբաթ ժամը 23:00-ից և կվերսկսեն աշխատանքը երկուշաբթի առավոտյան:
Կոլումբիա շրջանի իշխանությունները զգուշացրել են բնակչությանը ճանապարհներին հնարավոր մերկասառույցի և տեսանելիության նվազման մասին։ Մարդիկ գնում են լապտերներ և մթերքներ, որպեսզի հանգստյան օրերին փողոց դուրս չգան:
Սկսած ուրբաթ երեկոյից մինչև երկուշաբթի Վաշինգտոնում, Վիրջինիա և Մերիլենդ նահանգներում կգործի արտակարգ դրություն:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, սպասվում է, որ վերջին տասնամյակի ընթացքում ամենասաստիկ ձնաբուքը «կդիպչի» Նյու Յորք, Ֆիլադելֆիա և Մասաչուսեթս նահանգներին:






















