Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանին սահմանակից դառնա անկախ Քրդստանը. Մոդեստ Կոլերով

10:22 • 15.02.16

 

1921 թ.-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակը ցուցադրական քայլ է՝ ցույց տալու Թուրքիայի հետ առկա վատ հարաբերությունները: Tert.am- ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

 

«Այդ նախաձեռնությամբ հանդես գալու պատճառը Թուրքիայի հետ կոնֆլիկտի առկայությունն է: Հեղինակներն ասում են, որ այդ նախաձեռնությունը որևէ հետևանք չի ունենա, նրանք սա հասկանում են: Սա պարզապես դեմոնստրացիայի ակտ է նրանց կողմից»,- ասաց վերլուծաբանը:

 

Անդրադառնալով տեսակետներին, թե Ռուսաստանը կրկին Հայաստանի միջոցով է փորձ անում լուծել Թուրքիայի հետ իր վատ հարաբերությունները, ինչի վկայություններից մեկն այս նախաձեռնությունն է, Մոդեստ Կոլերովն ասաց, որ համաձայն չէ։

 

«Ոչ: Այս նախաձեռնությունն իշխանությունների կողմից չէ ներկայացված: Սա կոմունիստների հեղինակած գաղափարն է, որտեղ Ռուսաստանը հանդես չի գալիս որպես պետություն: Սա խորհրդարանական ուժի նախաձեռնած գաղափարն է, որը իշխող ուժը չի ներկայացնում»,– ասաց նա:



Վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններն այդ կարծիքին չեն, նախաձեռնությունն էլ չի ընդունվի, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ այն ցուցադրական բնույթի է:

 

«Ժամանակակից աշխարհում, խորհրդային միության փլուզումից հետո, Ղրիմի միացումից, Աբխազիայի անկախության ճանաչումից հետո այդ փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան միջազգային աբստրակցիա (վերացարկում): Ռուսաստանը Թուրքիային սահմանակից է Սև ծովով և հիմա արդեն սահմանային ջրերով, որոնք Ղրիմում են: Գործադրել ջանքեր՝ խզելու այդ համաձայնագիրը, որն ամբողջովին անցյալի փաստ է, իմաստ չունի»,- շեշտեց Կոլերովը:

 

Հարցին, թե արդյո՞ք կա դեռ հնարավորություն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, թե ամեն ինչ կորսված է, Մոդեստ Կոլերովն ընդգծեց. «Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունները կարող են վերադառնալ այն ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան այլևս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանն այլևս լինի Հայաստանի և անկախ Քրդստանի սահման»: