Անհասկանալի բան չկա, թե ինչու է Նժդեհի արձանի տեղադրումը պատվիրված հոդվածների հերթական փոթորիկն առաջացնում Ադրբեջանում. Տ. Բալայան

13:59 • 11.06.16

 

Հայաստանի արտգործնախարարության  խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին:

Ներկայացնում ենք  ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի գրությունն ամբողջությամբ:

«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում  Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան: Այս արձանները տեղադրված են   նրա  համար, որ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում  Նժդեհը   երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի  հայտ եկած  Ադրբեջան պետության զինված խմբավորումների  ոտնձգություններից, ինչպես նաև  կազմակերպեց  Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը:

Եվ որևէ   անհասկանալի բան չկա,   թե ինչու է  Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն  ուղղակի հետևանքն է  Ադրբեջանի ղեկավարի ` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում   ֆաշիզմի դեմ պայքարում հայ  ժողովրդի  անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»:

Հիշեցնենք, որ  Նժդեհի արձանի բացմանն անդրադարձել է ինչպես ադրբեջանական մամուլը, այնպես էլ  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան, որը  երեկ  հայտնել էր, որ  Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:  «Այդ վերաբերմունքն արձանագրված է միջազգային փաստաթղթերում»,- ասել էր Զախարովան: