Հռոմի պապը Թուրքիայի օդային տարածքով անցնելու պահին ինքնաթիռից «ուղերձ» է հղել Էրդողանին

18:11 • 24.06.16


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցի ճանապարհին՝ Թուրքիայի օդային տարածքով անցնելիս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «ուղերձ» է հղել:


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բիրգյուն» կայքը, երբ Ֆրանցիսկոս պապին տեղյակ են պահել, որ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նա բարեմաղթանք է հղել Էրդողանին:


«Աղոթում եմ, որ Աստծո ամենաբարձր օրհնությունը ողջ ազգի վրա լինի»,-ասել է նա:

Ավանդույթի համաձայն Հռոմի պապը օրհնություն է ուղարկում այն երկրների առաջնորդներին, որի օդային տարածքով թռչում է իրեն տեղափոխող ինքնաթիռը:

Թուրքական պարբերականը հիշեցրել է, որ Ֆրանցիսկոս պապը Հայաստանում է եռօրյա այցով:

Պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Վատիկանում տեղի ունեցած պատարագի ընթացքում Հայոց ցեղասպանությունը կոչել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ շարժելով թուրքական պետության զայրույթը: