Էստոնիայում մտածում են հանրաքվե անցկացնել Եվրամիությունից դուրս գալու մասին

22:24 • 24.06.16

Էստոնիայի Ազգային պահպանողական կուսակցության առաջնորդ Մարտ Հելմեն հայտարարել է, որ Տալլինը պետք է վերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, քաղաքական գործիչն այսպես է մեկնաբանել Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեում երկրի`ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցների հաղթանակը:

«Եթե ցանկանում ենք լինել այն ԵՄ-ի մի մասը, որը իրականում կա և ոչ թե նրա, որը մեզ խոստացել էին, պետք է ազնվորեն տարբերակներ ներկայացնել ժողովրդին և  անդամակցության նոր մանդատ խնդրել: Փաստացի, պետք է ևս մեկ անգամ հարցնել էստոնացի ժողովրդին` ցանկանում ենք արդյոք հրաժարվել մեր պետությունից: Հանրաքվեն այս իմաստով լավագույն տարբերակն է»,- ասել է Հելմեն:

Նրա կարծիքով` Մեծ Բրիտանիայում անցկացված քվեարկությունը նշանակալի է Եվրոպայում ժողովուրդների ինքնիշխանության և ժողովրդավարության վերականգնման համար: 

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն կոչ է արել Բրիտանիայի իշխանություններին հնարավորինս շուտ սկսել ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը: