Աճուրդի են հանվելու հայտնի գանգստերի իրերը

18:34 • 24.06.16

Հայտնի գանգստեր Ջեյմս «Ուայթի» Բալջերի իրերն աճուրդի են հանվելու, հայտնում է Reuters գործակալությունը։ Աճուրդը տեղի է ունենալու հունիսի 25-ին։  Հասույթը նախատեսվում է փոխանցել հանցագործի զոհերին։ Գույքի վաճառքով զբաղվելու է Gaston & Sheehan ընկերությունը։ Աճուրդի են հանվելու, մասնավորապես, գանգի ձևով արծաթե մատանին ու առնետի ձևով գրչատուփը։

 

Բալջերը 25 տարիների ընթացքում ղեկավարում էր Բոսթոնի հանցավոր աշխարհը։ 1994 թվականին նա փախուստի է դիմել (ՀԴԲ կոռումպացված գործակալը նախազգուշացրել է նրան սպասվող ձերբակալության մասին)։ Գանգստերը 16 տարի ապրել է փախուստի մեջ ու ընդգրկվել է ամենափնտրվող մարդկանց ցանկի մեջ։ Հետագայում նրան ձերբակալել են Կալիֆորնիայում։

 

2013 թվականին նրան դատել են մի շարք հոդվածների հիման վրա ու դատապարտել են երկու ցմահ բանտարկության։ Հիմա նա իր պատիժը կրում է Ֆլորիդայում։

 

Բալջերի պատմությունը նկարահանվել է Հոլիվուդում։ «Սև պատարագ» ֆիլմում որպես գլխավոր դերասան հանդես է եկել Ջոնի Դեփը։