Ֆրանցիսկոս պապը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը. միջազգային մամուլի անդրադարձը Պապի հայաստանյան այցին

14:08 • 25.06.16

Ֆրանցիսկոս պապը, Երևան ժամանելով, դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի «գաղափարապես ձևավորված և ծրագրված ցեղասպանությունը», գրում է The Guardian-ը:

 

Իր եռօրյա այցի ամենամեծ ուշադրության կենտրոնում գտնվող ելույթում Ֆրանցիսկոս պապն օգտագործել է քաղաքական երանգներ ունեցող «ցեղասպանություն» բառն իր նախապես պատրաստված տեքստի ընթացքում, որտեղ ակնհայտորեն այն բաց էր թողնվել: Եվ անցած տարվա խոսքերը պարզապես կրկնելու փոխարեն, երբ նա ասել էր, որ կոտորածները «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին», Ֆրանցիսկոս պապը դա ցեղասպանություն է անվանել՝ այդ քայլով հավանաբար առաջացնելով Թուրքիայի կողմից ևս մի բողոքի ալիք:

 

«Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, որն առաջինն էր անցյալ դարի աղետների ցավալի շարքում, հնարավոր դարձավ ռասայական, գաղափարական և կրոնական նպատակներից ելնելով, որոնք մթագնել էին դահիճների միտքը, ովքեր էլ ծրագրել էին ամբողջ ժողովրդի ոչնչացումը», - ասել է Հռոմի պապը:

 

Լրատվամիջոցը նշում է, որ այցի նախաշեմին Վատիկանը խուսափել է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմից հնարավոր քաղաքական և ֆինանսական հետևանքները: Բայց Ֆրանցիսկոսը, ով երբեք չի վախենում իր կարծիքն արտահայտելուց, վերջին պահին ավելացրել է բառն իր ելույթում ՀՀ նախագահական նստավայրում քաղաքական և կրոնական առաջնորդների առաջ, ովքեր նրան ծափահարել են հոտնկայս:

 

The Guardian-ը գրում է, որ հայերը պատիվ են ունեցել դիմավորելու Հռոմի պապին, ով երկար ժամանակ աջակցել է Հայկական հարցին դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս լինելու տարիներին և այժմ՝ որպես Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ: 

 

NBC News-ը գրում է, որ Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը հարգանքի տուրք է մատուցել 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ նախորդ օրը տեղի ունեցած դեպքերը որակել «ցեղասպանություն»՝ Թուրքիայի զայրույթն առաջացնելու վտանգին գնալով:

 

Նկատելիորեն հուզված՝ Ֆրանցիսկոսը մասնակցել է Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին, գրում է լրատվամիջոցը:

 

Deutsche Welle-ն, գրելով, որ Հռոմի պապը ևս մեկ անգամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության մասին երկրորդ անգամ հանրային հայտարարություն արել, գրում է, որ պապը նաև անդրադարձել է Միջին Արևելքում քրիստոնյաների վիճակին:

 

The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած տարի դատապարտել էր Պապի հայտարարությունը և նախազգուշացրել էր նրան «չկրկնել այդ սխալը»: Լրատվամիջոցը գրում է, որ Պապն ուրբաթ օրը ժամանել է Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք, որը նա ներկայացրել է որպես «առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»: 

Ֆրանցիսկոս պապը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը. միջազգային մամուլի անդրադարձը Պապի հայաստանյան այցին