Երբեք չմոռանալ և չնվազեցնել կարևորությունը. ABC News-ն անդրադարձել է Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցին

16:01 • 25.06.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, շաբաթ օրն այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոչ է արել ողջ աշխարհին չմոռանալ և չնվազեցնել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների կարևորությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մինչ այդ՝ ուրբաթ օրը, դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, գրում է ABC News-ը:

 

Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և գլխիկոր կանգնել՝ լուռ աղոթելով անմար կրակի առաջ՝ երգչախմբի ձայների ներքո:

 

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ո՛չ պղտորել, ո՛չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- գրել է նա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների հուշամատյանում:

 

Հռոմի պապը վերադարձել է հիշողության թեմային Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ժամանակ, որտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել ներկա գտնվելու պատարագին:

 

«Ժողովուրդները, ինչպես անհատները, հիշողություն ունեն: Ձեր ժողովրդի հիշողությունը հին է և թանկագին»,- ասել է նա հավաքվածներին:

 

 

Երբեք չմոռանալ և չնվազեցնել կարևորությունը. ABC News-ն անդրադարձել է Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցին