Շիրակի մարզում տրակտորը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Շիրակի մարզում այսօր ժամը 05:10-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ, 35-ամյա Արտակ Մկրտչյանը իր վարած «Բելառուս 82» տրակտորով Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Գրիգոր Փարվանյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Մկրտչյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 31-ամյա Մնացական Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ողջ գիշեր Արթիկում աշխատանքներ էին կատարում տեղի ունեցած արտակարգ դեպքի պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 24-ին Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատճառով գետը տակնուվրա էր արել մի ամբողջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ:











