Մեծ Բրիտանիան հրաժարվել է արագ լքել ԵՄ-ն

16:51 • 26.06.16

Պաշտոնական Լոնդոնը հրաժարվում է տրվել եվրոպական երկրների գործադրած ճնշմանն ու չի շտապի Եվրամիության կազմից դուրս գալու մտադրության մասին Բրյուսելին իրազեկելու հարցում։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Հեմոնդը:

 

«Մեծ Բրիտանիայի համար ժամանակային շրջանակները շարունակում են նույնը մնալ, սակայն մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են, որպեսզի մենք արագ գործենք: Մենք ճնշման տակ ենք»,-ասել է պաշտոնյան՝ մանրամասնելով, որ բանակցությունները չեն մեկնարկի, քանի դեռ Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածն իրագործված չէ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ հոդվածը ենթադրում է, որ ԵՄ-ի ցանկացած անդամ դաշինքը լքելու իրավունք ունի: Գործընթացի մեկնարկի համար երկիրը պետք է տեղեկացնի Բրյուսելին իր ծրագրերի մասին, հետո սկսի դուրս գալու ընթացակարգի վերաբերյալ բանակցությունները:

 

Հայտնի է, որ դաշինքից դուրս եկած երկրին առնչվող բոլոր եվրոպական պայմանագրերը կորցնում են իրենց ուժն այն օրից, երբ ստորագրվում է անդամակցության դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս գալու պատմական որոշում է կայացրել:

 

Մեծ Բրիտանիան հրաժարվել է արագ լքել ԵՄ-ն