Պապի խոսքերում չկա որևէ բան, որը կարող է մեկնաբանվել որպես խաչակրաց արշավի ոգի. խոսնակ

13:39 • 26.06.16

Հռոմի պապը պատերազմների կողմնակից չէ, նա երբևէ խաչակրաց արշավի չի ելել, նա փորձում է ոչ թե պատերազմել, այլ՝ խաղաղություն կառուցել: Այսօր Էջմիածնում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հռոմի պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին։

Անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող Պապի կողմից արված հայտարարություններին, որոնք ստացել են «խաչակիր» բնութագրումը, մոնսինյորը հակադարձեց՝ ասելով. «Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում է Պապի ասածը կամ կարդում է իր գրածը, ապա կտեսնի, որ այնտեղ ոչ մի բան չկա, որը կարող է մեկնաբանվել որպես խաչակրաց արշավի ոգի, մարտնչելու, պատերազմելու ոգի: Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ, ընկալել Պապի գրածը: Հասկանում եմ, որ լարվածության այլ տեսանկյուններ էլ կան, բայց Պապի իրական մտադրությունը ժողովուրդների միջև խաղաղության երկխոսության հիմքեր գցելն է: Նա աղոթել է հանուն դրա, ցանկություն հայտնել, որ հաշտություն տեղի ունենա, նա որևէ խոսք չի արտասանել թուրք ժողովդի դեմ, խոսել է հաշտեցման ցանկության մասին՝ նաև թուրքերի ու հայ -ժողովրդի միջև, ուստի, որևէ խաչակրաց պահ այստեղ չկա»:

ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանն էլ իր հերթին ասաց. «Որքան էլ ցավալի է թուրքական իշխանությունների համար նման արձագանքը, դա Թուրքիային չի ազատում ապաշխարելու պարտականությունից»: