Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ արձակեցին դեպի Արարատ լեռ՝ ի նշան խաղաղության

16:48 • 26.06.16

 

17.30


Խոր Վիրապում տեղի ունեցած խորհրդանշական արարողությունից հետո Ֆրանցիսկոս Պապը ուղևորվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Այնտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողություն, որից հետո, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, Հռոմի պապը կվերադառնա Հռոմ:
________________________________________________________

 

17.26

Հայաստանյան ուխտագնացության վերջին ժամին, Հռոմի պապը Կաթողիկոսի հետ Հայոց հնագույն սրբավայր Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսից վառեցին իրենց մոմերը:

Այնուհետև հովվապետերը Սուրբ Աստվածածին եկեղեցի մտան և այստեղ վառեցին այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս Պապի կողմից ընծայվել էր Խոր Վիրապ վանքին:

Երկու եկեղեցիների հովվապետերը դուրս եկան Սուրբ Աստվածածին եկեղեցուց և ուղևորվեցին դեպի Արարատ լեռը նայող դիտահարթակ:

Բիբլիական լեռան ուղղությամբ, դեպի հայ-թուրքական փակ սահմանը, ինչպես և սպասվում էր, հայրապետերն աղավիներ արձակեցին և ողջագուրվեցին եղբայրաբար:

  

__________________________________________________

16.48


Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն է, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:

Խոր Վիրապում նախատեսված է, որ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն աղավնիներ կարձակեն դեպի Արարատ լեռ՝ ի նշան խաղաղության: Տեղեկացնենք, որ այցի շրջանում կաթոլիկների առաջնորդը ցանկություն էր հայտնել հայ-թուրքական սահմանը վերաբացված տեսնել:  

 


Նշենք, որ Խոր Վիրապը կարևոր սրբատեղի է հայերի համար, որի պատմությունն անմիջականորեն կապված է հայոց հավատքի, Հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայոց մեծ դարձի հետ:

Ըստ 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսի և Հայ եկեղեցու սրբազան ավանդության` Հայոց Տրդատ Երրորդ թագավորը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, բազում կտտանքներից և տանջանքներից հետո Արտաշատի արքունական բանտն է նետել Ս.Գրիգոր Լուսավորչին, ուր նա մնացել է 14 տարի: Ավանդությունն ասում է, որ ամեն օր այրի մի կին նկանակ էր նետում այդ գբի մեջ, որի շնորհիվ Սուրբ Գրիգորը սնվում էր: Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերի նահատակությունից հետո Տրդատ թագավորը ծանր հիվանդանում է: Արքայի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազում տեսնում է, որ իր եղբորը կարող է բժշկել միայն Սուրբ Գրիգորը, որին արդեն մեռած էին համարում: Ի զարմանս բոլորի` Սուրբ Գրիգորն Աստծո ողորմությամբ ոչ միայն կենդանի էր, այլ նաև հոգով արի էր, իսկ մտքով`լուսավոր:

Խոր գբից դուրս գալով` Սուրբ Գրիգորը բժշկում է ապաշխարած և դարձի եկած արքային ու նրա ընտանիքը, և հայ ժողովուրդը 301 թ-ին քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն: 5-րդ դարում արքայական բանտի տեղում վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել: 12-13-րդ դարերում այս վանքը, բացի համազգային սրբավայր և ուխտատեղի լինելուց, նաև կրթամշակութային և գրչության նշանավոր կենտրոն էր:

Նշենք, որ Խոր Վիրապից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հրաժեշտի արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, կվերադառնա Վատիկան:

Ի դեպ, նշենք, որ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել էր, որ Հռոմի պապի այցը Հայաստան Կովկաս ուղևորության առաջին մասն է: Ուղևորության երկրորդ մասը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ նա կայցելի նաև Ադրբեջան և Վրաստան: