Ջրհեղեղից տուժած արթիկցիների մի մասն այս օրերին բնակվում է ազգականների մոտ (լուսանկարներ)

12:06 • 27.06.16

 

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքը պատուհասած ջրհեղեղի պատճառով քաղաքի բնակչության մի մասը չի բնակվում սեփական բնակարաններում, այլ տեղափոխվել է ազգականների, ընկերների բնակարաններ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

«Մի մասն իրենց տներում են, բայց մի մասն էլ ազգականների մոտ, քանի որ, ոչ այնքան վտանգավոր է այդտեղ բնակվել, այլ որովհետև հեղեղն իր հետ բերել է տիղմ, խոնավություն, աշխատանք կա կատարելու, պետք է մաքրեն, կարգավորեն»,-ասաց շիրակցի պաշտոնյան:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը հավելեց, որ հաշվարկում են Արթիկում ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի հետևանքներին և պատճառած վնասներին չափը և վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի վաղը:

«Էս պահին տղաներն աշխատում են, մենք միայն շինարարությունն ենք նայում, գյուղվարչությունն առանձին է նայում, առանձին` հաշվարկվում է գույքին պատճառված վնասը, այս բոլոր թվերը կմիացնենք, վաղն օրվա երկրորդ կեսին կհայտնենք»,-հավելեց մարզպետարանի պաշտոնյան:

Ըստ պաշտոնյայի` չնայած վնասի վերջնական չափը հաշվարկված չէ, սակայն ակնհայտ է, որ վերջին 50-60 տարիներին նման հզորության ջրհեղեղ Արթիկում չէր եղել:

 

 





Ջրհեղեղից տուժած արթիկցիների մի մասն այս օրերին բնակվում է ազգականների մոտ (լուսանկարներ)