Բրիտանական ֆունտը և եվրոն շարունակում են արժեզրկվել Brexit-ից հետո

11:27 • 27.06.16

Եվրոպական հիմնական արժույթներն այսօր շարունակում են ազդվել Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքներից (Brexit), որի ընթացքում երկրի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

Ինչպես տեղեկացնում РИА Новости գործակալությունը, այսօր առավոտյան ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ նվազել է՝  1.3676-ից հասնելով  1.3391-ի: Եվրոյի գինը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով 1.1020 դոլարի:

 Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայում հանրաքվե էր տեղի ունեցել՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցով: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Եվրամիությունից դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51.9 տոկոսը:

Այդ որոշումն անսպասելի էր շուկայի մասնակիցների մեծ մասի համար, քանի որ քվեարկության նախօրեին տեղի ունեցած հարցումները վկայում էին Brexit-ի հակառակորդների թվային առավելության մասին:

Վերլուծաբանները նշում են, որ շուկաներն այժմ հետևում են Եվրամիության մյուս երկրների արձագանքներին, քանի որ վտանգ կա, որ Brexit-ը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ և հանգեցնել Դաշինքի այլ անդամների դուրս գալուն:

«Ինչ վերաբերում է ֆունտին, ապա այն կարող է նոր մինիմումներ գրանցել: Արժույթը կարող է արժեզրկվել, քանի որ Անգլիայի բանկը, հնարավոր է, իջեցնի տոկոսադրույքները՝ երկրի տնտեսությանն աջակցելու համար»,-Reuters գործակալությանն ասել է շուկայի փորձագետ IG Securities-ի ներկայացուցիչ Յունիսի Իսիկավան: