Էրդողանին Գերմանիայում դատի են տվել

16:38 • 27.06.16

Գերմանական փաստաբանները դաշնային և նահանգային պատգամավորների, մարդու իրավունքների պաշտպանների, բժիշկների, գիտնականների ու զոհերի հարազատների անունից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու թուրք քաղաքական այլ գործիչների դատի են տվել, հաղորդվում է գերմանական Tagesschau հեռուստաալիքի պաշտոնական կայքում։


Որոշման պատճառ են հանդիսացել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիրնակ նահանգի Ջիզրե քաղաքում բնակվող քրդերի դեմ ռազմական հանցագործություններն ու մասսայական ոչնչացումները։ Փաստաբաններն իրենց բողոքը ներկայացրել են Գերմանիայի Գլխավոր դատախազություն՝ մեղադրանքի մեջ ներառելով ոչ միայն Էրդողանին, այլև հանցագործություններին մասնակցած թուրք այլ քաղաքական գործիչներին։

«Մեր բարոյական պարտավորությունն է վերջ տալ Թուրքիայի կողմից վարած հանցագործ ու անմարդկային քաղաքականությանը։ Պետք է վերացնել անպատժելիությունը, որպեսզի վերջ դրվեն մարդկության դեմ հանցագործությունները՝ անկախ նրանից, թե որտեղ և ում հանդեպ են դրանք կիրառվում»,-  նշում են փաստաբաններ Բրիտա Էդերն ու Պետրա Դերվիշայը։

Էրդողանից բացի մեղադրանք է ներկայացվել նաև այլ քաղաքական գործիչների, մասնավորապես՝ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Ներքին գործերի նախկին նախարար Էֆքան Ալայի, ինչպես նաև պաշտպանության բանակի ու ոստիկանության պատասխանատու աշխատակիցների դեմ։

Նախաձեռնության աջակիցներից են Խորհրդարանի պատգամավորներ Ուլա Յելփկեն, Անդրեյ Հունկոն, քաղաքական այլ գործիչներ, գիտնականներ ու արվեստագետներ ինչպես Գերմանիայից, այնպես էլ եվրոպական այլ երկրներից։ Բեռլինում դիմումն այսօր ներկայացվել է հանրությանը։

 

Էրդողանին Գերմանիայում դատի են տվել