Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են հարաբերությունները վերականգնելու մասին. ԶԼՄ-ներ

13:23 • 27.06.16

Իսրայելը և Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել երկարատև դիվանագիտական ճգնաժամից հետո հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկու երկրների ներկայացուցիչներին:

Երկու երկրների իշխանությունները հայտարարել են, որ երկուշաբթի օրը կներկայացնեն հաշտեցման մասին համաձայնագրի մանրամասները:

Ապրիլին արդեն հաղորդագրություններ էին հայտնվել Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններում առաջընթացի մասին, սակայն իսրայելական իշխանությունները հրաժարվում էին դրանք մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները վերջնականապես խզվել էին 2010 թվականին՝ «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո։

Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» ուղևորների և իսրայելցի զինվորների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մահացել էր 9 թուրք։ Դրանից հետո Թուրքիան Իսրայելից պահանջում էր ներողություն խնդրել ու փոխհատուցել զոհերի ընտանիքներին։