Շոտլանդիան սպառնում է վետո կիրառել Brexit–ի դեմ
Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստարջեոնը, ով ի սկզբանե դեմ էր Brexit-ին՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպական Միության կազմից դուրս գալուն, հայտարարել է, իր երկրի խորհրդարանը կարող է վետոյի իրավունք կիրառել Brexit–ի դեմ:
Ինչպես նշում է Independent-ը, Շոտլանդական ազգային կուսակցության (SNP) ղեկավար Ստարջեոնը BBC-ի հետ զրույցում ասել է, որ դիմել է շոտլանդացի պատգամավորներին` կոչ անելով իրենց օրենսդրական համաձայնությունը չտալ հօգուտ Brexit–ի:
Պաշտոնյան մանրամասնել է, որ այսպիսով` ինքը ցանկանում է Շոտլանդիան պաշտպանել Միացյալ Թագավորության` ԵՄ-ի կազմից դուրս գալու պատճառով առաջանալիք տհաճ հետևանքներից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ստարջեոնն ասել էր, որ անկախ հանրաքվեի արդյունքներից` ինքը Շոտլանդիայի ապագան չի տեսնում ԵՄ-ի կազմից դուրս:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմը լքելու հարցով պատմական հանրաքվե է կայացել, որի արդյունքում ընտրողների 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ից դուրս գալուն: Հետաքրքրական է, որ Շոտլանդիայում հանրաքվեի մասնակիցդների 62 տոկոսը ցանկություն է հայտնել շարունակել ԵՄ-ին անդամակցությունը:
Այժմ Շոտլանդիայի իշխանությունները քննարկում են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հարցով 2-րդ հանրաքվեի անցկացման հավանականությունը:










