Երկու կամուրջ վտանգի տակ են, 1.5 կմ ճանապարհ՝ անանցանելի. Շահումյանի գյուղապետը սողանքի հետևանքների մասին
Լոռու մարզի Շահումյան գյուղում տեղումների հետևանքով առաջացած սողանքի պատճառով Ամառանոցային փողոցի երկու ամառանոցներ հիմնովին ավերվել են, իսկ մնացած ութ ամառանոցները վտանգի գոտում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ սողանքի պատճառով փակ է եղել նաև դեպի գյուղ մուտքի ճանապարհը, որը քիչ առաջ բացվել է, սակայն դեռ կան անանցանելի ճանապարհներ։ «Երկու կամուրջ վտանգի տակ են, շուրջ 1.5 կմ ճանապարհ անանցանելի է, եթե կարիք լինի շտապօգնության ծառայության կամ հրշեջ ծառայության, ապա այդ մեքենաները չեն կարող բարձրանալ այդ կամուրջներով: Մարդիկ «Նիվա» մակնիշի մեքենաներով են անցնում»,-ասաց Մանուկյանը:
Շահումյանի գյուղապետը նաև ասաց, որ բարեբախտաբար բնակիչները չեն տուժել, սակայն մինչև ամսվա վերջ տեղումների հավանականություն կա, այդ դեպքում տեղանքն արդեն վտանգավոր է։ «Հնարավոր է տեղումները շարունակվեն, վտանգը պետք է մինիմալ մակարդակի հասցվի»,-ասաց գյուղապետը:










