Ստամբուլի ահաբեկչության իրականացման գործում չեչենական հետք կա. թուրքական ԶԼՄ-ներ

14:53 • 30.06.16

Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպման մեջ կասկածվում է ծագումով չեչեն Ահմեդ Չատաևը, որն ավելի վաղ աշխատել է «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի ղեկավարության ներքո։ Վերջինիս մահվանից հետո Ումարովը միացել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, գրում է թուրքական Yeni Safak թերթը։

 

Հատուկ ծառայություններում աղբյուրներին հղում անելով՝ թերթը նշում է, որ երեք ահաբեկիչները Դաղստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից են եղել։

 

Թուրքական Doğan գործակալությունն, իր հերթին, հայտնում է, որ ահաբեկիչներից մեկը ծագումով չեչեն Ռուսաստանի քաղաքացի Օսման Վադինովն է եղել։

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան CBS News լրատվական ալիքի թղթակիցը՝ Թուրքիայում վարկած է քննարկվում, որ հարձակվողներն ԻՊ-ի հետ կապ ունեցող չեչեն ջիհադականներ են եղել։

 

Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ոստիկանությունն ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 13 մարդու է ձերբակալել, որոնցից երեքն արտասահմանցի են։

 

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտները կրակ են բացել, իսկ հետո պայթուցիկներ գործի դրել։ Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 42-ի: Վիրավորների թիվը 239 է: