Դեռ չի առաջարկվում ԵԱՀԿ խաղաղապահներին ԼՂ ուղարկել. ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ
Դեռ չի առաջարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկել: Այդ մասին РИА Новости-ին ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դեռ 1990-ականներից հաստատված խաղաղապահ գործողության հայեցակարգ: Բայց դա կարգավորման վերջնական փուլն է, այժմ այդ գաղափարը չի առաջանում, որովհետև չկա կարգավորում: ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում աշխատում է, այսպես կոչված, բարձր մակարդակի պլանավորման խումբը, որը պարբերաբար ադապտացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողության անցկացման սխեման: Այսինքն՝ դա ԵԱՀԿ-ի համար հստակ նախանշված խնդիր է: Բայց ի՞նչ ուժերով: Ի՞նչ տեսք է այն ունենալու: Դեռ այդ ամենը միայն քարտեզների վրա նշումներ են, որոնց հետ բավականաչափ կանոնավոր կերպով ծանոթացնում են անդամ պետություններին»,- հայտնել է դիվանագետը:
«Այն (խումբը) աշխատում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ սերտ համագործակցությամբ, հաճախակի այցելում է տարածք: Ադապտացում ասելով նկատի ունեմ տեղանքների զննումը և քարտեզի վրա այդ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման հնարավոր տարբերակների տեղադրումը: Վերջնական կետը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, ինչից հետո կողմերը համաձայնեցնում են այդ խաղաղապահ գործողության բաղադրիչները: Բայց դա շատ հեռավոր հեռանկար է և դեռ շատ տեսական հարց կարգավորման սկզբունքների մասին կողմերի պայմանավորվածությունների բացակայության դեպքում»,- ընդգծել է Լուկաշևիչը:
Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՀԿ-ի համար այդ գաղափարը մեծ մարտահրավեր է լինելու, որովհետև ԵԱՀԿ-ն երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով:










